Գնանք վերականգնելու

Այս դեպքում, իհարկե, խոսքը ԽՍՀՄ-ի կամ Ղարաբաղի տարածքում գտնվող պատմական հուշարձանները վերականգնելու կոչ չէ որ անում ենք։

-Հապա ի՞նչը վերականգնելու գնանք։

– Մեր օրգանիզմը, մեր ուժը։

Եթե երեխա կամ պատանի եք, ձեր ուժերը վերականգնելու եք գնում տարին մեկ անգամ զանազան ճամբարներ, իսկ եթե մեծ եք՝ հանգստյան տուն, առողջարան․․․

(ի՛նչ խոսք, թե բախտը ժպտա և ուղեգիր ճարեք)։

Բայց այս րոպեին ես ուժերը վերականգնելու մի այնպիսի տեղ եմ առաջարկում, որ չի պահանջվում ո՛չ ճամբարի, ո՛չ էլ հանգստյան տան կամ առողջարանի ուղեգիր։ Բավական է որ տանից դուրս գաք ու փողոցով մի քանի հարյուր քայլ փոխեք։ Ձեր ճանապարհին անպայման կհանդիպեք որևէ ճաշարանի կամ ռեստորանի։ Ճաշարանը մի կողմ թողնենք. տվյալ դեպքում հետաքրքրականը ռեստորանն է, որի թանկ լինելն անգամ չի խրտռցնում։

Ռեստորան ֆրանսերեն բառ է (restaurant [ղետողա՛ն]), որն իր հերթին գալիս է լատիներեն restauro [րեստա՛ուրո] <<վերականգնել>> բայից։ Ահա թե ո՛րտեղի և ուժերի ի՛նչ վերականգման մասին էր խոսքը։

Եթե գոնե մի քիչ ուշադիր էիք, ապա լատիներեն բառի և այժմ գործածական ռեստավրացիա բառի միջև կապը պիտի նկատեիք․ այս վերջինը այս վերջինը միջազգային բառ է և նշանակում է <<մշակութային կոթողի(շենք, գեղանկար, ձեռագիր, հուշարձան և այլն) վերականգնում>>։

Սակայն դառնանք ռեստորան-ին։ Ինչպես ասվեց, այնտեղ գնալն ու <<վերականգնվելը>> մեզ վրա էժան չի նստում։ Ուստի ամեն օր նախընտրում ենք գնալ մթերային խանութ կամ ինչպես ասում են՝ գաստրոնոմ և ձեռքներս ընկածն առնել տուն բերել, դրանով գոհացնել մեր ստամոքսի պահանջը։ Ես դիտավորյալ առանձրացրի այս գաստրոնոմ և ստամոքս բառերը, որովհետև դրանք անմիջականորեն կապված են ոչ միայն կենցաղում, մեր առօրյա կյանքում, այլև մեր լեզվի ու լեզվական մտածողության մեջ։

Բանն այն է, որ գաստրոնոմ բառի արմատը՝ գաստր-գալիս է Հունարենից (հին Հուն․ ղաստե՛ր=գաստե՛ր, ղաստրո՛ս=գաստրո՛ս <<ստամոքս>>,ղաստրոնոմի՛ա=գաստրոնոմի՛ա <<ուտելիք պատրաստելու արվեստ>>)։ Տեսա՞ք, որ գաստրոնոմ-ն ու ստամոքս-ը կապ ունեն։

Սակայն ինձ լսեցեք ու երբեք, ինչքան էլ շատ ճարեք, մի՛ չարաշահեք գաստրոնոմիական բարիքները, մի՛ տռզացրեք ձեր ստամոքսն ու փորը, թե չէ մի սև օր ստիպված կլինեք բժշկի դուռը գնալու։

Եվ նա, երկար-բարակ քնելուց հետո ձեր ստամոքսը, տխուր կախտորոշի հիվանդություն ՝ գաստրիտ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *