Այսօր ցանկանում եմ պատմել մեր ճամբարային առաջին և երկրորդ շաբաթների մասին։ Այս ճամբարային շաբաթների ընթացքում մենք ստացանք նոր գիտելիքներ, անցկացրինք հետաքրքրիր օրեր, ստացանք աննկարագրելի էմոցիաներ։ Այս ճամբարին ես ընտրել էի Մելքոնյան Անահիտի ջոկատը։
Ճամբարի ընթացքում ունեցանք քիմիայի դասաժամեր, որտեղ ձեռք բերեցինք նոր գիտելիքներ և բացահայտեցինք հետաքրքիր երևույթներ, որոնք օգնում են մեզ ավելի լավ ճանաչել մեզ շրջապատող աշխարհն ու գիտության գեղեցկությունը։
Ունեցել ենք նաև դասաժամեր ընկեր Սարգիսի մոտ, որտեղ լուծել ենք մաթեմատիկական խնդիրներ, ծանոթացել նրա ստեղծած ինտելեկտուալ խաղերին և զարգացրել մեր տրամաբանությունն ու մտածողությունը։
Իսկ ընկեր Էդիտայի հետ հայոց լեզվի դասաժամերի ընթացքում մենք լուծել ենք թեստեր և կատարել հետաքրքիր վարժություններ։ Ունեցել ենք նաև խեցեգործության գործունեություն։
Սպորտի ժամերին, որոնց ընթացքում նաև հեծանվավարության դասեր ենք ունեցել, ակտիվ և առողջ ապրելակերպ ենք ձևավորել։
Մի շատ յուրահատուկ հանդիպում ունեցանք միստր Յուրայի հետ, որի հետ զրուցեցինք անգլերեն և պատմեցինք մեր ճամբարային գործունեության մասին։
Ճամբարի կարևոր մասն էր մեր գեղեցիկ ճանապարհորդությունը դեպի Լանջաղբյուր, որտեղ վայելեցինք բնության գեղեցկությունն ու ձեռք բերեցինք նոր տպավորություններ։
Ունեցել ենք նաև խոհանոցային գործունեություն և պատրաստել ենք շատ համեղ ուտեստ։
Նաև անցկացրել ենք թափառումներ Բանգլադեշով։
Չմոռանամ նաև նշել, որ յուրաքանչյուր օր մենք սկսում էինք ընդհանուր պարապմունքով, ինչը մեզ լիցքավորում էր դրական էներգիայով։ Ընդհանուր պարապմունքի ընթացքում ևս մարզվել ենք՝ պահպանելով ակտիվությունն ու լավ տրամադրությունը։
Ճամբարը շատ լավ հնարավորություն է նոր ընկերներ ձեռքբերելու և ընկերների հետ ավելի մտերմանալու համար։